Գավառցիների և կարմիրգյուղցիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կարմիրգյուղ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել էր դեկտեմբերի 19-ի ժամը 20.00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Գանձակ բնակավայրի միջնամասում գավառցի մի խումբ երիտասարդների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ժամը 03.30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանություն երկրորդ հաղորդումն է ստացվել. ազդրի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Կարմիրգյուղի 40-ամյա մի բնակիչ: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել էր նույն վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 20-ին Գավառի բաժին է ներկայացել գավառցի 23-ամյա մի երիտասարդ և խոստովանել է, որ հիվանդանոց տեղափոխվածներին ինքն է դանակահարել: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք ծալովի դանակը:
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: