Շենգավիթի ոստիկաններն արագ գտան դանակահարողին
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.35-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալավերդի քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է դանակահարվելու հետևանքով:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների միջոցառումերով ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ին, Գարեգին Նժդեհի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ նույն փողոցի բնակիչ, 38-ամյա տղամարդն է սուր կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածք պատճառել ալավերդցուն:
Ահազանգից մոտ կես ժամ անց 38-ամյա տղամարդը ձերբակալվել և բերվել է բաժին:
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, վեճի պատճառն ու դեպքի մանրամասները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: