«Ճգնաժամային իրավիճակներում բանակցություններ» թեմայով դասընթաց ոստիկանության ծառայողների համար
Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ մայիսի 23-24-ը ոստիկանության հրամանատարական կազմի համար Երևանում անցկացվում է «Ճգնաժամային իրավիճակներում բանակցություններ» թեմայով դասընթաց-սեմինար։
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հեդեր Բերգեյը և ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը:
Արմեն Մկրտչյանը, բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ դասընթացն անցկացնելու համար։ Նա նաև ընդգծեց, որ, չնայած առանձին ծառայողների ճգնաժամային իրավիճակներում բանակցություններ վարելու փորձին ու հմտությանը, անհրաժեշտ է Հայաստանի ոստիկանությունում ներդնել ճգնաժամային իրավիճակներում բանակցություններ վարելու ինստիտուցիոնալ կարողություններով և միջազգային փորձին համապատասխանող գիտելիքներով օժտված ոստիկանության մոդելը։
Դասընթացները կանցկացնեն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների առաջատար և փորձառու մասնագետները։