Դեղատներ էր մտել և դանակի սպառնալիքով գումար հափշտակել. ավազակության դեպքերը բացահայտվել են
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ին ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություն ստացվեց, որ անծանոթ մի կին դանակով սպառնացել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի դեղատներից մեկի աշխատակցին և հափշտակել գումար: Օպերատիվ խումբն անմիջապես նշված դեղատուն մեկնեց:
Պարզվեց, որ սև մազերով կարճահասակ մի կին, ում դեմքին եղել է բժշկական դիմակ, մտել է դեղատուն և դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց պահանջել դրամարկղի գումարը և հափշտակելով 159.000 դրամ՝ հեռացել է:
Մինչ ոստիկանները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էին ձեռնարկում, ժամը 20.05-ին նույնաբովանդակ ահազանգ է հնչում. Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի մեկ այլ դեղատնից ժամը 18.30-ի սահմաններում սև մազերով կարճահասակ մի կին, ում դեմքին բժշկական դիմակ կար, մտել էր դեղատուն, դանակով սպառնացել դեղատան վարիչին, ապա դրամարկղից հափշտակելով 57.000 դրամ՝ հեռացել էր:
Փաստերի առթիվ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հոդվածի հատկանիշներով քրեական գործեր հարուցվեցին:
Ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց ավազակային հարձակում կատարողի ինքնությունը: Հոկտեմբերի 15-ին Մայիսյան գյուղի 35-ամյա բնակչուհին, ավազակություն կատարելու կասկածանքով, հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: