Դինամոյականների պատիվը բարձր պահած մարզիկներն ու նրանց մարզիչները պարգևատրվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27.12.2012 18:52
Միջոցառումներ
Դեկտեմբերի 27-ին տոնական տրամադրություն էր տիրում «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում:
«Դինամոն» երկար տարիների ավանդույթներ ունեցող մարզական կազմակերպություն է` փառավոր էջեր արձանագրած իր պատմությամբ: Ավանդույթները վերականգնելու ու շարունակելու համար անցած տարի շատ բան արվեց: Հիմնովին նորոգված մարզադահլիճում այսօր արդեն բարձր մակարդակով անցկացվում են միջազգային մրցումներ, Հայաստանի առաջնություններ, որ կազմակերպում են սպորտային գրեթե բոլոր ֆեդերացիաները:
Պրոֆեսիոնալ ու սրտացավ աշխատանքի արդյունքները երկար սպասել չտվին. միջազգային ասպարեզներում դինամոյականները հասան լուրջ հաջողությունների: Ոստիկանության պետ, «Դինամո» կազմակերպության նախագահ Վլադիմիր Գասպարյանի կողմից դինամոյականների պատիվը բարձր պահած մարզիկներին ու նրանց մարզիչներին պարգևներ հանձնեց կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը: Կորյուն Սողոմոնյանը բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում գրավեց առաջին տեղը, բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալյոշա Ստամբոլցյանը երկրորդն էր, Դավիթ Ափոյանը ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երրորդն էր, իսկ Եվրոպայում` երկրորդը, քիք-բոքսինգի աշխահի և Եվրոպայի առաջնություններում առաջին տեղում էին Արսեն Աբգարյանն ու Էդգար Գասպարյանը:
Անելիք դեռ շատ կա, մեծ է նաև ակնկալիքը: Ոստիկանության ու «Դինամոյի» ղեկավարներն ու անձնակազմերը վստահ են, որ հաջորդ տարի հաջողության հասած դինամոյականների ցանկը շատ ավելի ընդարձակ կլինի: