Դիտեք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի նոյեմբերի 3-ի թողարկումը
- Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։
- Հոկտեմբերի 31-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին, քննարկվեցին ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
- Ամեն մի հանցագործություն բացահայտման իր բարդություններն ունի: Աշտարակի քրեական հետախույզները լուրջ խնդիրների առաջ կանգնեցին` հերթական բնակարանային գողությունը բացահայտելիս: Ի թիվս այլ հանելուկների` հարկավոր էր նաև հասկանալ, թե մեկ միլիոնից հանցագործն ինչու՞ է վերցրել միայն 550 հազար դրամը:
- Հիվանդանոցից ստանալով ահազանգը` ոստիկաններն արագ բացահայտեցին հանցագործությունը, այնքան արագ, որ կասկածյալը չէր հասցրել անգամ սթափվել: Հերթական հարբած վիճաբանությունը` հերթական անհեթեթ պատճառահետևանքային կապերով:
- Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի տներից մեկից գողություն, հետո նաև կողոպուտ կատարողների արարքը մնաց որպես փորձ. հեռու փախչել չհասցրին: Գյուղի տղերքը նրանցից մեկին վնասազերծեցին դեպքի վայրի մոտակայքում, հետո նաև կանչեցին Մարտունու ոստիկաններին: Ոստիկանների անունը լսելով` բռնվածի սիրտը տեղն ընկավ:
- Անհաջող ամուսնություններ ու ամուսնալուծություններ հիմա թեև շատ են լինում, բայց երևույթը սովորական չի դարձել` մեծ մասամբ դրանք ցավագին են ընդունվում հարազատների կողմից: Իհարկե, ցավալի է, երբ ընտանիք է քանդվում… Բայց լինում են դեպքեր, երբ ապահարզանը միակ ճանապարհն է վատթարը կանխելու: Վարդենիսի Ակունք գյուղում վնասը շատ էր, բայց գոնե հաջողվեց վատթարից խուսափել. մարդկային կորուստներ չեղան:
- «Տեսուչը դպրոցում» ծրագիրը, որ ներառվել է հանցագործությունների կանխարգելման պետական հայեցակարգի մեջ, նպատակ ունի դպրոցներում ստեղծել ավելի կարգապահ ու անվտանգ միջավայր, հայտնաբերել ու կանխել անչափահասների իրավախախտումները, բարձրացնել նրանց իրավագիտակցությունը, փոխել վերաբերմունքը իրավապահ մարմինների հանդեպ:
- Օրերս ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի աշխատակիցներն այցելել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ` ուսումնասիրելու ենթակա ստորաբաժանումների ծառայողների մարտական, ֆիզիկական պատրաստականության մակարդակը և ֆիզպարապմունքների անցկացման ու կազմակերպման ընթացքը: