ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանության պետին դիմել է նամակով
22.02.2012 16:18
ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն
2012 թ. փետրվարի 22-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին դիմել է նամակով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ կա Երևանի Մաշտոցի այգու շուրջ ծավալվող իրադարձություններին: Փաստելով, որ ԵԱՀԿ և ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններից մեկը ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև վստահության ու փոխըմբռնման բարելավումն է, դեսպանը նշել է, որ ոստիկանության ներկայությունը Մաշտոցի այգում, իրավականորեն բարդ և զգացմունքային խնդրի պայմաններում, մինչ օրս ուղեկցվել է ցուցարարների հանդեպ դրսևորված զսպվածությամբ:
Ոստիկանության աշխատակիցներն ընդհանուր առմամբ հետևել են ժողովրդավարական ոստիկանության հիմնական տարրերից մեկին, այն է` ոստիկանության արձագանքը հասարակական կարգին առնչվող ցանկացած միջոցառման պետք է համաչափ լինի դրա ներկայացրած սպառնալիքի աստիճանին: Այս դեպքում անզեն և խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանները գործել են զուսպ և ոչ կոնֆլիկտային:
Անդրեյ Սորոկինը նաև ողջունել է կլոր սեղան կազմակերպելու ոստիկանության նախաձեռնությունը, որի նպատակն է` քննարկել ոստիկանության դերը այս կարգի իրավիճակներում, և հույս հայտնել, որ դա ևս մի քայլ կդառնա հասարակության շրջանում վստահության ամրապնդման և նրա հետ համագործակցության զարգացման համար: