Անվտանգությունը Հարավկովկասյան երկաթուղու և ոստիկանության ուշադրության կենտրոնում
Երկաթուղին մի ողջ համակարգ է, որի կառավարումն ու անվտանգության ապահովումը բավական բարդ խնդիր է։ Այդ հարցում Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների հետ սերտորեն համագործակցում է նաև ոստիկանությունը։
Պատահական չէ, որ ապրիլի 27-ին երկաթուղում անվտանգության հարցերին նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև ճանապարհային ոստիկանության ծառայողներ։ Երկաթուղային գծանցներում անվտանգ երթևեկության կազմակերպման թեմայով միջոցառման ընթացքում հետիոտների ու վարորդների ուշադրությունը սևեռվեց առկա խնդիրների վրա, բաժանվեցին տեղեկատվական գովազդային թերթիկներ։ Այս և այլ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ երկաթուղային պատահարների նվազում է արձանագրվել։
Մեր քաղաքացիները շարունակում են անտեսել երկաթգծերը հատելու կանոնները՝ մոռանալով, որ մեքենավարը պարզապես անկարող է կանխել վտանգը։
Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը պատժվում է տուգանքով։ Սակայն ոչ մի տուգանք էլ չի օգնի, եթե մարդիկ չգիտակցեն խնդրի կարևորությունը։ Հիշեցնենք, որ նույնիսկ վթարային արգելակման դեպքում գնացքը դեռ շարժվում է մոտ մեկ կիլոմետր, ինչը զրոյացնում է մեքենավարի կողմից վթարը կանխելու հավանականությունը։