«Զբոսաշրջային խարդավանքներ». խորհուրդներ արտերկիր հանգստի մեկնողներին
Ամառը լիովին մտավ իր իրավունքների մեջ` ստիպելով մտածել հանգստի մասին: Իհարկե, համեմատաբար ավելի անվտանգ է ներքին տուրիզմը. մեր երկրում էլ կան հով, գեղատեսիլ ու պատմական վայրեր, սակայն ներկայացնենք այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի սիրահար մեր քաղաքացիներին:
Ինչպես ասում են` մեր տառապանքը փորձ ունի, ուստի կիսվենք ոստիկանությունում կուտակված հարուստ փորձով, որը պայմանականորեն ընդհանրացրել ենք «զբոսաշրջային խարդավանքներ» անվան տակ:
Նախ պետք է հիշել, որ զբոսաշրջային սեզոնին պատրաստվում են նաև որոշ հանցամիտ տարրեր, մշակում քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու նորանոր մեթոդներ, հորինում նոր խայծեր: Առաջին հայացքից դժվար է հստակ տարբերակել, թե տուրիստական որ ընկերությունն է ազնվորեն վաստակում իր փողը, և որի առաջարկն է խայծ: Բայց դրա ձևերն էլ կան:
Թացը չորից տարբերելուն նպաստող առաջին և գլխավոր ցուցիչը ավիատոմսի և հյուրանոցի վաուչերի բացահայտ էժան գինն է: Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ կուլ տալով էժանության խայծը` մեր քաղաքացիները կորցրել են կլորիկ գումարներ: Իհարկե, ոստիկանությունը հետո ձեռնարկում է միջոցներ, սովորաբար հեռավոր մի երկրում հայտնաբերում խարդախին, համագործակցում տվյալ երկրի իրավապահների հետ ու նաև դատարանի առաջ կանգնեցնում նրան, սակայն խաբված քաղաքացիների համար դրանից շատ բան չի փոխվում: Այնպես որ, ինչպես խարդախության մյուս տեսակների, այնպես էլ «զբոսաշրջային խարդավանքների» պարագայում զոհ չդառնալու լավագույն միջոցը տեղեկացված լինելն է:
Եվ այսպես, մինչև մուծում կատարելը պետք է տուրիստական ընկերությունից պահանջել պայմանագիր, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինի կազմակերպված հանգստի յուրաքանչյուր կետը, նաև՝ մանրամասներ հյուրանոցի ու ավիատոմսի մասին։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ հանգամանորեն ծանոթացեք բոլոր կետերին։ Դրանից հետո անցնում եք ձեր ներքին քննությանը: Նախ ստուգում եք ավիատոմսի կեղծ չլինելը՝ այցելելով հայտնի checkmytrip.com կայք։ Այս կայքում տոմսի տվյալները գրելուց հետո համակարգը ցույց կտա՝ կա՞ նման ավիատոմս, թե՝ ոչ։ Շատ ավելի հեշտ է հյուրանոցի վաուչերի իսկությունը ստուգելը. պարզապես պետք է զանգել հյուրանոց և ճշտել` նշված օրերի համար ձեր անձի տվյալներով հյուրանոցի համար ամրագրվա՞ծ է։ Սովորաբար այսքանը լիովին բավարար է խարդախությունից խուսափելու համար:
Հիշեք նաև, որ կասկածելի որևէ բան նկատելիս հարկավոր է անպայման դիմել իրավապահներին: Դրանով դուք նաև կկատարեք ձեր քաղաքացիական ու բարոյական պարտքը` կանխելով ուրիշներին սպառնացող վտանգներ:
Հարգելի՛ քաղաքացիներ, տուրիստական ընկերության հետ գործարք կնքելիս եղեք ուշադիր, պահանջեք պայմանագիր և հանգամանորեն ստուգեք փաստաթղթերի իսկությունը։ Մաղթում ենք հաճելի և ապահով հանգստյան օրեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: