Մեկնարկում է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը. խորհրդակցություն ՆԳՆ ոստիկանությունում
Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։
Մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։
Գողության, գրպանահատության և այլ հանցագործությունները կանխելու նպատակով Կարեն Հակոբյանը հանձնարարեց ուժեղացնել ծառայությունը հատկապես տոնավաճառների և առևտրային համալիրների մոտ։
Քննարկվեց նաև ուսումնական հաստատությունների շրջակայքում ճանապարհային գծանշումների թարմացման և նախազգուշացնող լուսացույցերի, նշանների կահավորման վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ կատարվեց «Օրինապահ հետիոտն» միջոցառմանը, որի շրջանակում դպրոցականների շրջանում անցկացվելու են ճանապարհային երթեկության կանոնների վերաբերյալ ուսուցողական դասընթացներ։ Ակտիվ աշխատանք է իրականացվելու դպրոցների տօրենների և մանկավարժական խորհուրդների հետ։
Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվեցին ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։