Ոստիկանության բաժիններում կրկին հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 17-ի երեկոյան բաժին զանգած տղամարդը հայտնեց, որ Վեդի քաղաքի եկեղեցի տանող ճանապարհի սկզբնամասում զենք է թողել։ Հիշյալ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։
Օգոստոսի 17-ին Արտաշատի բաժին զանգած տղամարդը հայտնեց, որ Շահումյան գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել։ Այնտեղ Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի և հրազենների 40-ից ավելի փամփուշտ ու ձայնազդանշանային հրթիռ։ Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ Մարզի երեք բնակիչ բաժին են բերել ինքնաշեն ատրճանակներ, պայթուցիչով նռնակ և տարբեր տրամաչափի ու հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրազենն ու նույն տրամաչափի 29 փամփուշտը ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է Սիսիանում բնակվող մի տղամարդ։
Բջնի գյուղում բնակվող մի տղամարդ էլ ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային արտադրության կարճեցված փողով որսորդական հրացան ու 5,45 մմ տրամաչափի 25 փամփուշտ։
Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գավառում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է հանգուցյալ պապի կարճեցված փողով հրացանը, նռնակը, ինքնաձիգի 34 հատ փամփուշտն ու դատարկ պարկուճներ։
Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ կամավոր հանձել է թմբուկավոր ատրճանակ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: