Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժիններում
Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում Արարատի բաժնում արձանագրվել են 5,45 տրամաչափի 1000 փամփուշտների, «Ֆ-1» տեսակի 2 նռնակի, նռնակի 2 պայթուցիչի, 5 փամփշտատուփի, որից 4-ը լիցքավորված, փողատակի 4 նռնակների և «Մակարով» տեսակի ատրճանակի փամփշտատուփերի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Տավուշի բաժնում էլ արձանագրվել են «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազենի և 5,5 մմ տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնումներ։ Արդյունավետ էր նաև Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնվել է «ՌՊԳ» տեսակի հակատանկային նռնականետ՝ 2 մարտական գլխիկներով և պայթուցիչներով։ «ԱԿ-74» ինքնաձիգի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Արմավիրի բաժնում։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են «Կարաբին» տեսակի հրացանի, ձևափոխված ատրճանակի, տարբեր տրամաչափերի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և պահունակի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Կապանի բաժնում։ Գորիսի բաժնում էլ համայնքային ոստիկանների և պարեկապահակետային ծառայության դասակի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել են «Մոսին» տեսակի որսորդական հրացանի և «Կարաբինի» փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Աշտարակի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Արձանագրվել են «ՏՕԶ 8-Մ» ակոսափող հրացանի և տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։
Կրկին հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: