Զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվածը նաև հետախուզվում էր
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները հունիսի 21-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ապօրինի զինամթերք, սառը զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Արաբկիրի բաժին էին տեղափոխել 48 և 34 տարեկան երկու տղամարդու՝ 34 տարեկանի «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 48-ամյա տղամարդը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գաղտնի փականով 3 դանակ՝ 23 սմ, 12 սմ և 8,5 սմ երկարությամբ, 5 պարկուճ, «ԲՌՄ 75» գրառումով նռնակ, ինքնաձիգի դատարկ պահեստատուփ, ռադիոկապ, լուսարձակող սարք, ինչպես զինվորական կտորե պայուսակ, որի մեջ զինվորական հագուստներ էին:
Ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: