Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի, Գորիսի և Սիսիանի բաժինների ծառայողները։ Արդյունքում՝ արձանագրվել են՝ Կապանում՝ գործարանային համարով «Դրագունովի» դիպուկահարի, Գորիսում՝ «Կալաշնիկովի» գնդացրի և զինամթերքի, Սիսիանում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ միայն Ճամբարակի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի, այդ թվում՝ հակատանկային նռնականետի, նռնակների, հրացանի կամավոր հանձնման 5 դեպք։ Մարտունիի բաժնում արձանագրվել է նռնակների և փամփուշտների, Սևանի բաժնում՝ նռնակի և փամփուշտների, Գավառի բաժնում՝ տարբեր տեսակի ատրճանակների և ռազմամթերքի, իսկ Վարդենիսի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ինչպես և նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Թալինի բաժնում։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է գործարանային համարով ինքնաձիգի և տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնում։ Թմբուկավոր ատրճանակի, հրացանի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Նաիրիի բաժնում՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ կամավոր հանձնել է «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են տարբեր տեսակի ատրճանակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Տարբեր տրամաչափի փամփուշտների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Արմավիրի բաժնում։ Արդյունավետ էր նաև Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի, այդ թվում՝ ատրճանակի և նռնակների կամավոր հանձնման երկու դեպք։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: