ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Էստոնիայում
2017թ. հուլիսի 7-ին ԵՄ-ում նախագահող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացավ Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի ներքին գործերի և արդարադատության նախարարությունների, ինչպես և ԵՄ անդամ պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունները: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն իր ելույթում կարևորեց գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ համագործակցությունը, անդրադարձավ մինչ այժմ կատարված աշխատանքներին, հատկապես՝ Արևելյան գործընկերության ոստիկանական ծրագրին, ինչպես և Հայաստանում կիբերհանցավորության և կոռուպցիայի դեմ տարվող պայքարին:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պատվիրակության կողմից, որի կազմում ընդգրկված էին Ադրբեջանի արդարադատության նախարարը և ներքին գործերի փոխնախարարը, հերթական սադրանքի փորձ կատարվեց, ինչին անմիջապես հակադարձեց Վ.Եղիազարյանը՝ մասնավորապես շեշտելով, որ անընդունելի է քաղաքականացնել նման հանդիպման հարթակը, հաշվի առնելով, որ հավաքվածների նպատակն ընդհանուր է՝ պայքար հանցավորության դեմ:
Վ.Եղիազարյանն ընդգծեց, որ եթե Ադրբեջանն իրոք մտահոգված է և ցանկանում է ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ կարգավորում, չպիտի խոչընդոտի բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և կառուցողական ներգրավվածություն ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող գործընթացում։