Ընդգծված բարեկիրթ՝ զբոսաշրջիկների հետ շփումներում
Մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, ժամանակահատված, երբ ուժեղանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան: Իսկ այս տարի տոնական օրերին աննախադեպ հոսք է սպասվում ամենատարբեր երկրներից ու հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, ինչը նոր խնդիրներ է առաջադրում հանրապետության բոլոր ենթակառուցվածքներին ու ծառայություններին, հետևաբար և ոստիկանությանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համակարգի աշխատանքը նախատոնական ու տոնական իրավիճակին համապատասխանեցնելու նպատակով ցուցում է տվել համապատասխան ստորաբաժանումներին, հատկապես արտաքին ծառայություններին` լրջորեն նախապատրաստվել զբոսաշրջիկների մեծ հոսքի պայմաններում գործելուն, ուշադիր ու հոգատար լինել հանրապետության հյուրերի հանդեպ, օգնել և աջակցել նրանց տարաբնույթ հարցերում, խստագույնս ապահովելով հասարակական կարգը` ընդգծված բարեկիրթ լինել զբոսաշրջիկների հետ շփումներում:
Հիշեցնենք, որ տոնական օրերին Երևանում, Ծաղկաձորում և այլ զբոսաշրջային վայրերում հատուկ ծառայություն են կատարելու օտար լեզուների տիրապետող ոստիկանության աշխատակիցները, ինչը էապես կդյուրացնի աշխատանքը զբոսաշրջիկների հետ, կապահովի լիարժեք փոխըմբռնում և քաղաքակիրթ կենսամիջավայր:
Միևնույն ժամանակ, քաղաքացիներին կոչ ենք անում բարեկրթության բարձր մակարդակով հաստատել մեր երկրի` քաղաքակրթության հնագույն կենտրոններից մեկի միջազգային հեղինակությունն ու աջակցել ոստիկանությանը հասարակական կարգի պահպանման ու զբոսաշրջիկների հետ պատասխանատու աշխատանքում: