Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. հունիսի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հյուրն էր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 3-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ մշտական կապն ու փոխգործակցությունը նպաստում են երկու երկրներում իրավապահ գործունեության արդյունավետությանն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:
Ներկայացնելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ ոստիկանական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ոլորտում, ներառում է նաև այդ բնագավառում Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կատարելագործում և ընդլայնում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստիացրեց, որ ռուսական կողմը խիստ կարևորում է փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ, և Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է ամենժամյա համատեղ աշխատանքի Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: