Ընդունելություն ոստիկանության Արարատի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 16-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն, որը, ոստիկանության պետի անունից, իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: Քաղաքացիների հարցադրումները և ոստիկանության իրավասության շրջանակում էին, և դրանից դուրս: Շատերի հարցերը վերաբերվում էին մարզի միջհամայնքային ճանապարհներին տեսանկարահանող սարքեր տեղադրելուն, ոստիկանական շրջիկ ծառայությունների երթուղիները ընդլայնելուն, դպրոցներում ընտանեկան բռնության, թմրամիջոցների վնասակարության մասին ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող դասընթացները ավելացնելուն և այլն։ Քաղաքացիներից մեկը բողոք ներկայացրեց ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ։ Քաղաքացին հայտնեց, որ իրեն փորձում են անհիմն հանել բնակարանից։ Նրան պարզաբանվեց, որ սեփականատիրոջ դիմումի հիման վրա ոստիկաններն իրականացրել են ներխուժումը վերացնելու գործընթաց՝ կատարելով օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտականությունները՝ գործելով օրենքի սահմաններում և իրավաչափ։ Ոմանք էլ բողոքեցին համայնքներում թափառող շների առատությունից՝ տեղեկացնելով, որ գիշերային ժամերին գրեթե անհնար է ոտքով տեղաշարժվելը։ Ներկայացվեցին նաև այլ խնդիրներ, որոնց լուծումը տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գործառույթների շրջանակում է։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց ուսումնասիրել քաղաքացիների խնդիրները և հնարավորինս աջակցել դրանց արագ լուծմանը՝ անկախ իրավասության շրջանակից։