Թմրամոլության դեմ պայքարում են նաև Թալինի ոստիկանները
Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ակտիվ և արդյունավետ պայքարում են նաև Թալինի ոստիկանները: Անդրադառնանք վերջին շրջանում այդ ուղղությամբ բացահայտումներին:
Քրեական հետախույզները Թալին-Դաշտադեմ ճանապարհին ձերբակալել են երեք տղամարդու և, մեքենայով հանդերձ, տեղափոխել բաժին: Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 55-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` ընդհանուր մոտ 20 գրամ կանեփանման զանգվածով: Ըստ նրա` թմրանյութն իրենն է, կանեփն էլ քաղել է վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:
Պայքարից անմասն չեն նաև բաժնի համայնքային ոստիկանները: Արագածավան գյուղում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 49-ամյա մի բնակչի: Նրա կոշիկի մեջ հայտնաբերվել է թմրանյութով երկու փաթեթ: Ըստ նրա` մարիխուանան ինքն էր պատրաստել անձամբ օգտագործելու համար:
Թալինի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել մի գյումրեցու տանը: Առգրավվել է յոթ փաթեթ` ընդհանուր 76 գրամ կանեփանման զանգվածով: Թալինի քրեական հետախույզների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 47-ամյա գյումրեցուն թմրանյութն իրացրել էր 56-ամյա մի տղամարդ, որը, սակայն, այս տարվա փետրվարին մահացել է:
Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Արագածոտնի մարզի Արտենի գյուղում: 48-ամյա տանտիրոջ գոմի կտուրում հայտնաբերվել է 710 գրամ կանեփանման զանգվածով պարկ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ այն պատկանել է 56-ամյա հանգուցյալ տղամարդուն: Հենց նա էր մշակել, պատրաստել ու պահել թմրանյութը` այդ տանը ժամանակավոր բնակվելու ընթացքում:
Թմրանյութ ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով Թալինի քրեական հետախույզները Մաստարա գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 45-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է` անձնական օգտագործման համար:
Նույն կասկածանքով մայիսի 4-ին Արագածոտնի պարեկները Արագածավան գյուղում ձերբակալել և Թալինի բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված և ապակե գլանակ: Թալինի համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա թմրանյութն օգտագործել է իր ազգական ևս երեք երիտասարդի հետ: Նրանք նույնպես ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: