Գեղարքունիքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ
Մարտի 21-ին, ժամը 22.20-ին, Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի նստելատեղի տակ՝ տեսանելի մասում, նկատել են դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ: Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Այս դեպքից մոտ մեկ ժամ անց Ճամբարակում ծառայող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են մի «Մերսեդես»: Վահան գյուղի բնակիչ 28-ամյա վարորդն ու 27-ամյա համագյուղացի ուղևորը ոստիկաններին են ներկայացրել դեղնականաչավուն զանգված: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: