Թմրամիջոց իրացրած երիտասարդը կալանավորվել է. քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Մանթաշյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց և, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց 33-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։
Մեթամֆետամին էր հայտնաբերվել նաև նույն օրը Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներից բերման ենթարկված 25 և 31 տարեկան երկու կանանց մոտ։
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում պարզվեցին կատարվածի հանգամանքները, մասնավորապես՝ կանանց թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ Ժամը 22.35-ին 28-ամյա տղամարդը հայտնաբերվեց Քասախ գյուղում և, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «շոկո» տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ։
28-ամյա տղամարդը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: