Կումայրիի ոստիկանների տեղեկությունը խուզարկություններով հաստատվեց. հայտնաբերվել են թմրամիջոցներ ու գողոն
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ գյումրեցի չորս տղամարդիկ խմբի կազմով Գյումրու տարբեր վայրերից կատարում են բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ, ինչպես նաև պահում, պատրաստում և իրացնում են թմրանյութեր:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկութունները ստուգվեցին և հաստատվեցին, իսկ փետրվարի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին կասկածյալների և նրանց հետ հնարավոր հանցավոր և ընկերական կապեր ունեցող ևս ինը անձանց բնակության վայրերում:
Խաչատրյան փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու տանը կից ավտոտնակում հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող 7 գրամ զանգված, ինչպես նաև փետրվարի 14-ին Ղանդիլյան փողոցի մի տնից գողացված ճամփորդական պայուսակ՝ կնոջ և տղամարդու իրերով։
Մատնիշյան փողոցի 41-ամյա բնակչի տան տարբեր հատվածներից հայտնաբերվեցին կանեփի սերմեր, 7,38 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացված հետքերով կաթուցիչներ, դիազեպամի դեղահաբ, ինչպես նաև Ղանդիլյան փողոցի տնից գողացված էլեկտրական մսաղաց։
Ղանդիլյան փողոցի 34-ամյա բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվեց 3,53 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Անի թաղամասի 31-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին մոխրացված հետքերով կաթուցիչ և պոլիէթիլենային պարկ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Նրանց ընկերների տներից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփի սերմեր, հրացան, փամփուշտներ ու էլեկտրական գործիքներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 41-ամյա երկու տղամարդիկ պանրի չգործող արտադրամասի հաստոցների վրայից գողացել են էլեկտրական երկու շարժիչ և վաճառել։ Իրենց ընկերոջը նրանք վաճառել էին նաև Կոմինտերնի փողոցի մի տնից անցած տարի գողացած էլեկտրական հորատիչը, որը խուզարկությամբ հայտնաբերվել է:
Վեց անձ ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Առաջին երկուսի` 41-ամյա տղամարդկանց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: