Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Աշտարակի ոստիկանների պայքարի հերթական դրվագը
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Փարպեցու փողոցի 63-ամյա մի բնակիչ տանն ու մոտը պահում, օգտագործում, նաև իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոց: Հունվարի 10-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչի գլխիկ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ տղամարդու` հայտնաբերվածը կանեփ է, ինքն աճեցրել ու պատրաստել է անձամբ օգտագործելու նպատակով: Նա խոստովանեց նաև, որ այդ թմրամիջոցից հյուրասիրել է ընկերոջը:
Տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն օրը նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ հաջորդ օրը խուզարկություն է կատարվել նրա տանն ու օժանդակ շինություններում: Արհեստանոցում հայտնաբերվել են տարբեր քաշերի կանեփանման զանգվածներով ապակե տարաներ` ընդհանուր` 88,5 գրամ: Ավելի քան 7 գրամ զանգվածներ կային ավտոտնակում, նաև՝ մոխրացած հետքով կաթուցիչ, իսկ թռչնանոցում հայտնաբերվել են կանեփի ցողուններ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: