Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ․ երկու դրվագ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Ակնաշեն գյուղի մի բնակիչ իր շինության մեջ ապօրինի պահում է թմրանյութ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով մայիսի 4-ի առավոտյան ոստիկանները մեկնեցին Ակնաշեն, այցելեցին դաշտամիջյան շինություն, որի 51-ամյա տանտերը իրավապահների հարցին պատասխանեց, որ թմրանյութ ունի’ և պատրա’ստ է ներկայացնել:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Նույն օրը շինությունում կատարված զննության ժամանակ տանտերը ներկայացրեց մոտ 10 գրամ դեղնականաչավուն զանգված` նշելով, որ այն մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է ինքը` իր աճեցրած կանեփից:
***
Վաղարշապատի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին համագործակցելով Արմավիրի մարզի պարեկների հետ: Մայիսի 10-ին, գիշերվա ժամը երեքին մոտ, Փարաքար գյուղի Երևանյան փողոցում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալեցին և “Ֆոլքսվագեն” մակնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին երկու երևանցու:
46-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներով: Նա հայտնեց, որ թմրայութերը գտել է ու պահել` անձնական օգտագործման համար:
39-ամյա վարորդն էլ հայտնեց, որ մեքենայում կան թմրանյութ օգտագործելու սարքեր ու թմրանյութ, որոնք, ըստ նախնական տեղեկության, նույնպես պատկանում են 46-ամյա ուղևորին:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: