Աշտարակի ոստիկանները` թմրամոլության դեմ
Հոկտեմբերի 8-ին, թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Աշտարակի քրեական հետախույզներն Ագարակ գյուղում ձերբակալել և, իր վարած «Օպելով» հանդերձ, բաժին են տեղափոխել Բյուրական գյուղի 41-ամյա մի բնակչի:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է չորացրած-մանրացրած զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, պատրաստել է անձամբ օգտագործելու համար: Ըստ նրա` թմրանյութ կա նաև իր ավտոտնակում, իսկ մեքենայում ունի կաթուցիչ:
Թմրամիջոցների վերաբերյալ մի տեղեկություն էլ Աշտարակի քրեական հետախույզներն իրացրին հոկտեմբերի 12-ին: Աշտարակում ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Ղազար Փարպեցու փողոցի 39-ամյա մի բնակիչ: Բաժնում տղամարդը խոստովանեց, որ օգտագործում է թմրամիջոց, իր բակում մշակում է կանեփի բույսեր՝ անձնական օգտագործման համար, նաև ունի ապակե տարայով թմրանյութ, որը պատրաստ է ներկայացնել:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվեցին կանեփի 14 բույս, չորացրած ճյուղեր: Տանտերը ներկայացրեց ապակե տարաներ ու թղթե փաթեթ` կանեփանման զանգվածներով:
Տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:
Հաջորդ օրը, քրեական վարույթի շրջանակներում կատարված խուզարկությամբ, տղամարդու տանը հայտնաբերվեց ևս 357 գրամ կանեփանման զանգված:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: