Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայքարի երկու նոր դրվագ
Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում բնակվող 41-ամյա տղամարդը կից հողամասում աճեցնում է կանեփ, տանը պահում և օգտագործում է թմրանյութ:
Տեղեկությունները ստուգելու նպատակով ապրիլի 19-ին ոստիկաններն այցելեցին տղամարդուն: Բացատրական աշխատանքից հետո նա ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող 15,5 գրամ զանգվածով փաթեթ: Նաև հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել` անձամբ օգտագործեու համար:
Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի քրեական հետախույզներն իրացրին Արմավիրի մարզի պարեկների հետ համատեղ: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Թաիրով գյուղում ձերբակալվեցին Երևանի և Ձորաղբյուրի բնակիչներ՝ 44 և 50 տարեկան երկու տղամարդ: Վերջինիս վարած մեքենայով հանդերձ՝ նրանք տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին: Երկուսի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին բյուրեղանման զանգվածներ, իսկ վարորդի մոտ` նաև կանեփի սերմ: Ըստ նրա` մեթամֆետամինը ձեռք է բերել համացանցի միջոցով` անձնական օգտագործման համար:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: