ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու հրացան

Ապրիլի 5-ին նույնպես արդյունավետ էր Վաղարշապատի ոստիկանների ուժեղացված ծառայությունը: Բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի աշխատակիցներն առավոտյան ժամը 10.30-ին Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածնի 23-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա պայուսակի մեջ հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան:
Նույն օրը, երեկոյան ժամը 17.30-ին, թմրանյութ պահելու համար Փարաքար-Նաիրի ճանապարհին ձերբակալվել և բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի Նորք-Մարաշի 33-ամյա մի բնակիչ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ: Նա հայտնել է, թե թմրանյութն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
Մոտ ժամուկես անց Վաղարշապատի պարեկապահակետային ծառայողները ձերբակալել և բաժին են տեղափոխել Ակնալիճ գյուղի 39-ամյա մի բնակչի: Կասկածանքը նույնն էր` ապօրինի թմրանյութ պահելը: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ, մեկ փաթեթ կանեփի սերմ և մոխրացած հետքերով երկու կաթուցիչ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Վաղարշապատի բաժնի, Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության տարածքային մյուս ստորաբաժանումների հակաթմրամոլային միջոցառումները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: