Մարտունու բաժնի ոստիկանները թմրանյութ և փամփուշտներ են հայտնաբերել
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը ոստիկանության Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների հետ օպերատիվորեն իրացնելով, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Նա հայտնել է, որ մեքենայում թմրանյութ ունի, ապա իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգված։
Հաջորդ դեպքում Մարտունու բաժնի քրեական հետախույզները Երևանյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի։ Նրա հայտնածով՝ մեքենայի սրահում թմրանյութ կար։ Երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգված։
Համայնքային ոստիկանները որսորդական հրացանի պահպանման պայմանների ստուգման նպատակով այցելել են Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչի տուն։ Հրացանը եղել է քանդված վիճակում, իսկ երկաթյա պահարանի տեսանելի հատվածում նկատվել է ինքնաձիգի 4 փամփուշտ: Տղամարդը փայտյա արկղից իրավապահներին է ներկայացրել նաև ինքնաձիգի 15 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: