Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կանեփ աճեցնելու մի քանի դեպք են բացահայտել: Հոկտեմբերի 24-ին օպերատիվ տեղեկությունների հետքերով նրանք մեկնել էին Էջմիածնի 50-ամյա մի բնակչի տուն: Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է կանեփից պատրաստված չոր զանգված, ինչպես նաև զինամթերք ունի: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջը ներկայացնել իրավապահներին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդը ներկայացրել է 83 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ բակի տեսանելի վայրում հայտնաբերվել է կանեփանման բույս:
Հաջորդ տեղեկությունը Արշալույս գյուղի 55-ամյա բնակչի տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մասին էր: Նշված հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ տանը կանեփից պատրաստված չոր զանգված է պահում և պատրաստ է ներկայացնել:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը իրավապահներին հանձնեց 44,04 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նա հայտնեց, որ զանգվածը թմրանյութ է, իսկ կանեփը ինքն է աճեցրել:
Հոկտեմբերի 26-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին Արաքս գյուղում: 44-ամյա բնակիչը իրավապահներին հայտնել է, որ թմրանյութ ու զինամթերք ունի և պատրաստ է ներկայացնել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդը ներկայացրել է ընդհանուր 184 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ: Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ պատրաստված իր աճեցրած կանեփից:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: