Աշտարակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Սեպտեմբերի 18-ին Աշտարակի քրեական հետախույզները Արագածոտնի մարզի Աղձք համայնքում հայտնաբերել ու ձերբակալել են նույն համայնքի 2 բնակչի, իսկ նրանց վարած մեքենան՝ տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 22-ին նրանց մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեցին 10 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ըստ ձերբակալված տղամարդու՝ ինքն էր վայրաճ կանեփից թմրանյութ պատրաստել։
Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները պարզեցին, որ թմրամիջոցը չէր պատրաստվել վայրաճ կանեփի թփերից։ Ձերբակալված տղամարդու՝ Աղձք համայնքի բնակության վայրում կատարված խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին կանեփի 21 բույս։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: