Հատուկ հանձնախումբն արձանագրել է, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն ունի բարձր վարկանիշ և զգալի հաջողություններ` միջազգային հանցավորության դեմ պայքարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06.12.2013 19:07
Ընդունելություններ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց «Ինտերպոլի տարածաշրջանային զարգացման եվրոպական բիզնես-պլանի լավագույն փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործունեության և զարգացման ներկա վիճակը ուսումնասիրելու և գնահատելու նպատակով դեկտեմբերի 2-ից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ինտերպոլի հատուկ հանձնախմբի անդամներ` Գլխավոր քարտուղարության տարածաշրջանային և ազգային ոստիկանությունների վարչության եվրոպական գրասենյակի պատասխանատուներ Դեշկա Մանևային և Բոգդան Սիտնիկին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հանձնախմբի կողմից կատարված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Նշվեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն Կազմակերպության լավագույն ստորաբաժանումներից է, ունի բարձր վարկանիշ և զգալի հաջողություններ միջազգային հանցավորության դեմ պայքարում:
ՀՀ ոստիկանության շտաբի պետը շնորհակալություն հայտնելով հանձնախմբին` կատարված աշխատանքների համար, ընդգծեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն մշտապես գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջազգային համագործակցության ոլորտում Ինտերպոլի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող հարցեր: