Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Իջևան և Բերդ քաղաքներում
Պարեկային ծառայության շուրջ հերթական հանրային քննարկումը մարտի 30-ին էր՝ Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում։ Միջոցառումը կազմակերպել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Ռեստարտ Իջևան» հասարակական կազմակերպությունները։ Մասնակցում էին կազմակերպությունների ներկայացուցիչները, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը և պարեկային ծառայողներ։
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների կարգի, աշխատավարձի դրույքաչափերի և ծառայության անցնելու գործընթացի կազմակերպման մասին, իսկ պարեկները ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան, դրա հնարավորությունները և պարեկի գործառույթները։ Ծառայությունով հետաքրքրված անձինք ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։
Հիշեցնենք, որ տարեվերջին Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում կգործի պարեկային ծառայություն։ Նշված մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ ոստիկանության կրթահամալիրում։