Գողացել էին «Լեքսուսների» կողային հայելիներ. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 12-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Գողացել էին Արաբկիր վարչական շրջանում կայանված նրա «Լեքսուսի» կողային հայելիները։ ժամային որոշ տարբերությամբ ստացվեց նմանատիպ ևս 6 հաղորդում ։ Ձեռագիրը նույնն էր,աշխատել էր նույն մեխանիզմը. հիմնական թիրախը «Լեքսուս» մակնիշի մեքենաների կողային հայելիներն էին։
Մեկ հաղորդում էլ ստացվեց։ Կրկին գողություն էր, բայց՝ ոչ հայելիների։ Գիշերը գողացել էին Նիկոլ Դումանի փողոցում կայանված «ԲՄՎ»-ի համարանիշերը։
Հաղորդումները հերթով փոխանցվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ կազմված փաստաթղթերը՝ Արաբկիրի քննչական բաժին։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տղամարդիկ վարձակալել էին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա, այնուհետև գողացել հաղորդում տված քաղաքացու «ԲՄՎ»-ի համարանիշերը, ամրացրել վարձակալածի վրա և Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում կայանված մեքենաներից գողացել էին կողային հայելիներ։
Հոկտեմբերի 13-ին Նորագավիթում՝ 35-ամյա, իսկ հոկտեմբերի 17-ին Իջևանում՝ 29-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։
Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: