Խարդախությամբ տիրացել են ավտոմեքենաների և բերման ենթարկվել ոստիկանություն
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 25-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 2-ին 23-ամյա ընկերոջ հետ Բաշինջաղյան փողոցում գումարը մաս-մաս վճարելու պայմանով գնել են 31-ամյա տղամարդու «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, սակայն փողը չեն տվել և խաբեությամբ տիրացել են ավտոմեքենային:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հետագայում անվանափոխություն կատարելու պայմանով, նոյեմբերի 11-ին 23-ամյա երիտասարդը Նոյ թաղամասում 270.000 դրամ կանխավճարի դիմաց այլ անձի անվամբ հաշվառված «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 22-ամյա մի երիտասարդի, սակայն անվանափոխություն չի կատարել և խաբեությամբ տիրացել է գումարին:
Ժամը 14.10-ին 23-ամյա երիտասարդը Լենինգրադյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: