Խորհրդակցություն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունվարի 24-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում:
Ներկայացնելով վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց Շիրակի ոստիկանների աշխատանքում տեղ գտած թերությունները:
Վլադիմիր Գասպարյանը նախանշեց այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեության բարեփոխումը, մասնավորապես՝ մասնագիտական պարտականությունների լիարժեք իրականացում, կատարողական կարգապահության բարձրացում, հասարակություն-ոստիկանություն կապի իրական ամրապնդում, անհանդուրժողականություն կլանային մտածողության ու իրենց օրենքից վեր դասողների հանդեպ, և ամենագլխավորը՝ անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ոստիկանի հեղինակության, ոստիկանի պատվախնդրության և արժանապատվության գերակա նշանակությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման, այլև հասարակության հավատին ու վստահությանն արժանանալու, բուն հանրային մթնոլորտի առողջացման գործում:
Անդրադառնալով ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին և ընդգծելով, որ համակարգի վերափոխումն ու բարոյական նորոգումն այլընտրանք չունեն՝ ոստիկանության պետը նշեց այն խոչընդոտները, որոնք դանդաղեցնում են այդ ընթացքը:
Խորհրդակցությունից հետո ոստիկանության պետը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների հարցերին և անդրադարձավ մասնավորապես Գյումրիում տիրող մթնոլորտի որոշակի դրսևորումներին:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետարանում: Մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետը և համայնքների ղեկավարներ:
Ոստիկանության պետը ներկայացրեց իր այցի նպատակը, ապա անդրադարձավ ոստիկանության խնդիրներին ու ծրագրերին, որոնց իրագործումը պահանջում է ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հանրության աջակցությունը:
Փաստելով անպատժելիության մտայնությունն արմատախիլ անելու հրատապ անհրաժեշտությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց իրական քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրը՝ բարեպաշտ, օրինահարգ, սրտացավ քաղաքացիների հասարակություն, որի համար անհանդուրժելի են անտարբերությունը, ապաքաղաքացիական կեցվածքը, տեղայնությունը, զանազան կեղծ հասկացությունների տուրք տալը, ինչն այսօր, ցավոք, կա և հաճախ խանգարում է ոստիկանությանը՝ կատարելու իր խնդիրը:
Հանդիպման մասնակիցներին համատեղ աշխատանքի կոչ անելով՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ 2014 թվականը լինելու է բեկումնային տարի:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այցի, առարկայական ու շահագրգիռ հանդիպման համար և հավաստիացրեց, որ ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզի բնակչության փոխգործակցությունը կկայանա ու կտա ցանկալի արդյունք: