Խուլիգանություն ու դանակահարություն գիշերային ակումբի մոտ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 3.20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել է հաղորդում, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Բաղրամյան գյուղի բնակիչ, 34-ամյա մի երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է Երևան-Էջմիածին ճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքում պարզվել է, որ գիշերային ակումբում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել տուժածի, նրա 18 ու 19 տարեկան համագյուղացիների և Այգեշատ գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդի ու նրա ընկերոջ միջև: Դրսում վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում խաթարվել է ակումբի բնականոն աշխատանքը, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը: Ծեծկռտուքի ժամանակ էլ 23-ամյա այգեշատցին իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 34-ամյա բաղրամյանցուն ու դիմել փախուստի:
Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը դանակահարողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:
Նա և նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: