Ի լրումն «Նորավանքի» մոտ տեղի ունեցած խուլիգանության
Արդեն տեղեկացրել ենք 24-ամյա երիտասարդի կողմից «Նորավանք» եկեղեցական համալիրի տարածքում կրակոցներ արձակելու և խուլիգանությունը բացահայտելու մասին:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ինքնակամ եկել է 24-ամյա երիտասարդի 23-ամյա ընկերը և ներկայացրել իր անվամբ հաշվառված «Սայգա» տիպի որսորդական հրացանը: Նա հայտնել է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 17-ի սահմաններում, նշված հրացանը ինքն է տվել ընկերոջը:
Նախաքննությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գետափ գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ սեպտեմբերի 16-ին «Նորավանք» եկեղեցական համալիրի տարածքում կրակոցներ է արձակել: Դեպքը նաև տեսանկարահանվել և հրապարակվել է սոցիալական կայքում:
Եղեգնաձորի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի տվյալներ, որ եկեղեցում կայացած իր նշանադրության արարողության ժամանակ (ըստ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված), իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից երիտասարդը կրակոցներ է արձակել օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում նա հայտնաբերվել է, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Եղեգնաձորի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: