Տավուշի ոստիկանները ծառահատողներին բռնեցին անտառպետության տարածքում
Սեպտեմբերի 1-ի գիշերը Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացրել են հերթական միջոցառումը։
Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Ծաղկավանի անտառպետության տարածքում նրանք հայտնաբերել են առանց համարանիշի «ԳԱԶ-66», որը բարձված էր շուրջ երեք խմ տարբեր տեսակի ծառերի փայտանյութով։ Այգեհովիտ գյուղի բնակիչ, 35-ամյա վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Պարզվել է, որ նա, իրենց գյուղի՝ երկու և Ազատամուտ գյուղի մեկ բնակիչ երիտասարդների հետ թաց կանգուն ծառերը հատել է հենց Ծաղկավանի անտառպետության տարածքում։
Գիշերվա ժամը երեքին, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով, բոլորն էլ ձերբակալվել են:
Առավոտյան մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Վարորդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, երիտասարդներն ազատ են արձակվել:
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: