Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Տավուշի և Լոռու մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմված մոտ 50 ոստիկանական խմբեր, Տավուշի մարզի տարբեր համայնքների փայտամշակման արտադրամասերում ստուգայցեր են կատարել:
Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով, Իջևանի Երևանյան, Մետաղագործների, Բլբուլյան փողոցներում գործող փայտամշակման արտադրամասերում կատարված զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 39 խ/մ փայտանյութ, մոտ 10 խ/մ փայտի սղոցման թափոն, փայտածուխ պատրաստելու սարքեր` լցված վառելափայտով և մոտ 5 տասնյակ փայտե դետալներով լի պարկեր: Ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:
Ժամեր անց, ոստիկանները Դիլիջանի Գետափնյա փողոցում գործող փայտամշակման արտադրամասում 70 քառակուսի մետր հաճարենու մանրատախտակ են հայտնաբերել, որի վերաբերյալ արտադրամասի տերը փաստաթուղթ չի ունեցել:
Նույն օրը զննության են ենթարկվել Տավուշի մարզի Գանձաքար, Գետահովիտ, Սարիգյուղ, Ենոքավան, Այգեհովիտ, Աչաջուր, Կոթի, Կողբ, Կիրանց գյուղերում գործող փայտամշակաման արտադրամասերում, որտեղ ընդհանուր մոտ 140 խ/մ փայատնյութ և 117 պարկ փայտածուխ է հայտնաբերվել: Իսկ ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ դարձյալ փաստաթուղթ չեն ներկայացրել:
Զննությամբ մոտ 12 խ/մ կաղնու և հաճարենու տախտակներ են հայտնաբերվել Նոյեմբերյանում գործող փայտամշակման արտադրամասերից մեկում, որոնց վերաբերյալ արտադրամասի տերը, նախորդների պես, փաստաթուղթ չի ներկայացրել:
Ստուգայցերի ընթացքում 49 փայտամշակման արտադրամասերից 32-ում զգալի քանակի կասկածելի վառելափայտի և շինարարական փայտի հայտնաբերման փաստով նշանակվել են մասնագիտական ստուգումներ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: