Լոռու պարեկների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ
Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունք են արձանագրում Լոռու մարզը սպասարկող պարեկները։ Օրերս նրանք բացահայտել են մի քանի դեպք։
Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը պարեկները Սպիտակում ստուգել են Դիլիջանի 33-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը։ Բեռնաթափքում հայտնաբերվել է շուրջ 17 խմ փայտանյութ։ Վարորդը պարեկներին է ներկայացրել Նոյեմբերյանի անտառտնտեսության կողմից տրված ժամկետանց փաստաթուղթ։ Պարզվել է նաև, որ փաստաթուղթը հաճարենու և բոխու վերաբերյալ էր, իսկ հայտնաբերվածը բալենի, հացենի, ուռենի և թեղի տեսակի փայտանյութ էր։
Հաջորդ օրը պարեկները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել Վանաձորի 40-ամյա բնակչի վարած «Սամանդը»։ Մեքենայի սրահում և բեռնախցում հայտնաբերվել է փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Սեպտեմբերի 3-ին էլ Լոռու պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ստուգել են Տավուշի մարզի 25-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ» բեռնատարը։ Մեքենան բարձված էր մոտ 220 կապ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Լոռու պարեկներն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել նաև սեպտեմբերի 4-ին։ Փամբակ գյուղի վարչական տարածքում նրանք ստուգել են Լոռու մարզի 26-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։ Մեքենայի սրահում և բեռնախցում փայտանյութ կար, ու կրկին ոչ մի փաստաթուղթ՝ դրա օրինականության վերաբերյալ։
Բոլոր մեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։