56-ամյա տղամարդը մասնակցել է կազմակերպված խմբի հանցավոր գործունեությանը․ ՔՈԳՎ բացահայտումը
ԱԱԾ-ում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ օգոստոսի 10-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Եղվարդի խճուղում հայտնաբերվել և ոստիկանություն է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ, 393-րդ և 369-րդ հոդվածների մեղադրանքով հետախուզվող, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 56-ամյա մի բնակիչ։
2020 թվականի հունիսի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը Արմավիր քաղաքում մեկ այլ անձից՝ իր օգտագործման համար ձեռք է բերել խոշոր չափերով, ընդհանուր շուրջ 17,95 գրամ հերոին, ինչպես նաև, դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և ապօրինի պահել խոշոր չափերի՝ շուրջ 13,082 գրամ քաշով մարիխուանա։
Բացի այդ, 56-ամյա տղամարդը խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» որոշման պահանջները՝ մասնակցել է տևական ժամանակ առանձնապես ծանր և ծանր հանցանքներ կատարելու, այն է՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ՝ թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականին մի շարք անձանց կողմից ստեղծված կազմակերպված խմբի հանցավոր գործունեությանը։
Նրանից բացի՝ խմբում ընդգրկված են եղել նաև այլ անձինք, որոնց միջև կատարվել են դերաբաշխումներ, տրվել են հանձնարարություններ։ Համաձայն ստացված հրահանգների՝ հանցավոր կազմակերպության մասնակիցները ստանձնել են կազմակերպության ղեկավարների տված հրահանգներն ու ցուցումները իրականացնելու պարտավորություն։ Դրանց շրջանակներում ստացել են հիմնականում հարևան հանրապետությունից ուղարկված, իրացման համար նախատեսված, առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Թմրամիջոցների մի մասը ՀՀ տարածքով՝ տարանցիկ, տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով, որոնք իրացնելու նպատակով հանցավոր խմբի անդամները թմրամիջոցները բաժանել են տարբեր քաշերի, տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների համար վճարային գործարքների միջոցով գումարներ ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել են գնորդներին։
Հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով 56-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, իսկ օգոստոսի 2-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
56-ամյա տղամարդը կալանավորված է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: