ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը 5 տարեկան է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության ինտերնետային առաջին կայքէջը գործարկվել է 2004 թվականի ապրիլի 16-ին՝ ՀՀ ոստիկանության 3-րդ տարեդարձի օրը:
Առաջին շրջանում կայքից տարեկան օգտվում էր 70-80 հազար մարդ, կամ օրական 190-ից 220 այցելու: Այդ թիվը հետագա տարիներին եռապատկվեց և քառապատկվեց, սակայն կայքէջն աշխատանքը շարունակեց 6 տարի՝ մինչև 2010 թվականի սեպտեմբեր:
Ոստիկանության ինտերնետային երկրորդ կայքէջը գործել է շուրջ 2 տարի: Չնայած նախորդի համեմատ փոփոխվել ու նորացվել էր, սակայն տեղեկատվության ծավալների մեծացման և աշխատանքը ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ կազմակերպելու համար բովանդակային և տեխնիկական նոր փոփոխությունների անհրաժեշտություն էր զգացվում:
Եվ ահա ուղիղ 5 տարի առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ոստիկանության կայքէջը այցելուներին ներկայացավ նորովի, բոլորովին նոր դիմագծով, թարմությամբ, բովանդակային ու տեխնիկական ժամանակակից հնարավորություններով:
Նոր կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ տեղեկատվության ազատության միջազգային օրը: Խորհրդանշական օրը իր նոր կայքի գործարկմամբ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հավաստեց, որ հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ իրավապահ կառույցի գործունեությունը դարձնել առավելագույնս թափանցիկ և հրապարակային:
Եվ այս ամենը նոր կայքէջի միջոցով իրագործելու հնարավորությունն ամենակարևոր ձեռքբերումն էր: Police.am-ը իր այցելուներին ընձեռեց բաժանորդագրվելու հնարավորություն. ներկայումս կայքն ունի ամենօրյա նորությունները էլեկտրոնային փոստով ստացող մոտ 60 000 բաժանորդ:
Այս 5 տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջն ունեցել է ավելի քան 7 միլիոն այցելու և մոտ 18 միլիոն էջադիտում. ստացվում է` օրական մոտ 3900 այցելու և 9600 էջադիտում: Կայքի ռուսերեն տարբերակը գրանցել է ավելի քան 4 միլիոն, անգլերենը` մոտ 2 միլիոն էջադիտում: Այցելուների աշխարհագրությունն այսպիսին է. Հայաստանից՝ 68%, ՌԴ-ից՝ 19 %, ԱՄՆ-ից՝ 10%, իսկ մնացած 3%-ը բաժին է ընկել եվրոպական մի շարք երկրների:
Նորարարական կայքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը «Ուղիղ միացում» բաժինն էր, որը կայքի այցելուներին հնարավորություն ընձեռեց առցանց հետևելու ճանապարհային ոստիկանության ու Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումների աշխատանքին, տեսնելու, թե քաղաքացիներին ինչպես են սպասարկում անձնագրային ծառայությունների աշխատակիցները, ինչպես են ընթանում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները ճանապարհային ոստիկանությունում, ինչ է կատարվում մեքենաների հաշվառման-քննական կենտրոնում:
Ըստ Google Analytics-ի տվյալների՝ այս 5 տարվա ընթացքում կայքի «Ուղիղ միացում» բաժինը գրանցել է մոտ 1 միլիոն դիտում:
Արդեն 5 տարի է, ինչ հանրությանը հասանելի են արբանյակային քարտեզի միջոցով ներկայացված ոստիկանության ստորաբաժանումների ճշգրիտ տեղանքները, մարզային վարչությունների, բաժինների հասցեները, պետերի անուն-ազգանունները, կոչումները, հերթապահ մասերի հեռախոսահամարները: Կայքի այս բաժնից արդեն օգտվել է ավելի քան 1 միլիոն 70 000 քաղաքացի:
Ներկայիս կայքի մյուս կարևորագույն նորույթը «Ձեր համայնքային ոստիկանը» բաժինն էր, այն մի մեծ շտեմարան է, որը ներառում է ոստիկանության ստորաբաժանումների համայնքային ոստիկանների լուսանկարները, անուն-ազգանունները, կոչումները, աշխատանքային և բջջային հեռախոսահամարներն ու սպասարկման տարածքների հասցեները: «Միշտ ձեր կողքին» կարգախոսը այլևս իրականություն է:
«Ձեր համայնքային ոստիկանը» բաժինը օգտակար է եղել ավելի քան 1 միլիոն 300 000 այցելուների համար:
Կայքի նոր բաժիններից մեկը` հանրությանը առավել հետաքրքրող ծառայությունների հեռախոսահամարների «ԹԵԺ ԳԻԾ»-ը, գրանցել է ավելի քան 900 000 դիտում:
Դիտումների քանակով առաջատար են նաև «02» և «Հերթապահ մաս» հաղորդաշարերի (875 000 դիտում), «02» շաբաթաթերթի (52 000 դիտում) և «02» ռադիոհաղորդման (12 100 դիտում) պահոցները:
Նորություն էր նաև «ՈՒՂԻՂ ԿԱՊ. ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ» բաժինը, որն ունեցել է ավելի քան 500 000 այցելու:
«Տեսանյութեր» բաժնում զետեղված են ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների գործառույթները, ինչպես և ոստիկանության համակարգի իրադարձային միջոցառումները լուսաբանող տեսահոլովակներ, որոնք ոստիկանության կայքէջ են մուտքագրվում YOUTUBE-ի միջոցով. ՀՀ ոստիկանությունը արդեն 6 ու կես տարի գրանցված է YOUTUBE-ի էջում և ունի ավելի քան 35 միլիոն դիտում:
Կայքում զետեղվող հրապարակումները հնարավորություն են տալիս բացահայտելու հանցագործություններ, հայտնաբերելու հետախուզվողների ու անհետ կորածների:Հատկապես կողոպուտների, ավազակային հարձակումների ու խարդախությունների պարագայում մեկ անգամ չէ, որ հրապարակումների, ֆեյսբուքյան էջին ուղղված նամակների շնորհիվ բացահայտվել և կանխարգելվել են հանցագործների կամ հանցավոր խմբերի գործունեության նոր դրվագներ, հայտնաբերվել են նոր տուժողներ:
2012 թվականից ցայսօր ոստիկանական հաղորդաշարերի թողարկումների ընթացքում, կայքում և ֆեյսբուքյան էջում զետեղված հրապարակումների միջոցով հասարակության ճանաչմանն են ներկայացվել 210 հետախուզվող, 195 անհետ կորած և 80 անհայտ դիակների լուսանկարներ, կայքում տեղադրվել է տարբեր բնույթի շուրջ 600 հայտարարություն, ինչի շնորհիվ հայտնաբերվել է 35 անհետ կորած, ճանաչվել 20 անհայտ դիակ, հայտնաբերվել 30 հետախուզվող, նախաքննության մարմնին հայտնի են դարձել տարբեր հանցագործությունների մոտ երկու տասնյակի հասնող դեպքեր, ինչպես և բացահայտվել են նոր հանցադրվագներ:
Հանրության հետ կապի ամրապնդմանն են ուղղված 2013 թվականից գործող ՀՀ ոստիկանության պաշտոնական էջերը Twitter-ում և Ֆեյսբուքում. այստեղ ամեն օր տասնյակ քաղաքացիներ հարցադրումներ են ուղղում, ստանում սպառիչ պատասխաններ, իրավական աջակցություն, քիչ չեն նաև վիրտուալ հարթակում ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հանցագործությունների մասին հաղորդում տալու, առաջարկներ ու դիմում-բողոքներ ներկայացնելու դեպքերը:
Police.am-ի այցելուներն ակտիվորեն օգտվում են կայքի նյութերը գնահատելու, կարծիքներ գրառելու, հավանած նյութերը սոցիալական այլ կայքեր տեղափոխելու և դրանց վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորությունից: Միայն սոցիալական կայքերի (առավելապես facebook.com սոցիալական կայքի) միջոցով www.police-am-ն ունեցել է 3 միլիոն այցելու:
«Օգնություն քաղաքացիներին» բաժինը, որը յուրօրինակ խորհրդատու է տարբեր հնարավոր քրեածին իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար, ընթերցողներին հնարավորություն է ընձեռում նաև կայքից դիմումներ ուղարկելու ՀՀ ոստիկանության պետին և նրա տեղակալներին, եթե տուժել են ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններից: Կայքի այս բաժինը գրանցել է ավելի քան կես միլիոն դիտում. ստացված հաղորդագրություններին ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից տրվել է օրենքով սահմանված ընթացք:
Դիտումների քանակով զգալի արդյունք է գրանցվել «Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր» (մոտ 2 միլիոն այցելու) և «Ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ» բաժիններում (1 միլիոն 400 000 այցելու):
Գործնական նշանակություն ունի «Հետախուզվում են» բաժինը, որի շնորհիվ հասարակությունը տեղեկանում է ինչպես որոնման մեջ գտնվող, այնպես էլ ճանաչման ներկայացվող անձանց մասին:
Կայքի հնարավորությունները հետևողականորեն ընդլայնվում և կատարելագործվում են. ստեղծվել է «ՀՀ ընտրողների ցուցակ» բաժինը, որն ունեցել է ավելի քան 1 միլիոն այցելու:
Ոստիկանության ինտերնետային կայքէջում զետեղվել են հանրապետությունում կայացած ընտրությունների ընթացքին և ընտրացուցակներին վերաբերող հարյուրավոր պարզաբանումներ, որոնք տարածվել են նաև մյուս լրատվամիջոցներով:
Արդեն մի քանի տարի նոր կայքում գործում է նաև «ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ» բաժինը, սյստեղ, առցանց հարցման եղանակով, կայքի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ստուգել ավտոմեքենայի իրենց նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին, այնուհետև ավելացվեց կայքի միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց հետևելու հնարավորությունը:
2014 թ.-ին ՀՀ ոստիկանության կայքէջի «Համակարգ» բաժնի «ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ», «Երևան քաղաքի վարչություն», «Մարզային վարչություններ և բաժիններ» ենթաբաժիններում զետեղվեցին ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի կազմի, ՀՀ ոստիկանության գլխավոր վարչությունների պետերի, Երևան քաղաքի վարչության պետի և մարզային վարչությունների պետերի կենսագրությունները` լուսանկարներով:
2014 թվականին պաշտոնական կայքէջում ստեղծվեց «ՀՀ ոստիկանության վետերանների խորհուրդ» նոր բաժինը` «Նախապատմություն», «Կառուցվածք և ստորաբաժանումներ», «Միջոցառումներ», «Տեսանյութեր», «Վետերանների արխիվից», «Ակնարկներ վետերանների մասին», «Բացահայտում են վետերանները», «Խրախուսանքներ» և այլ ենթաբաժիններով: Բաժինը, որը ուրախությամբ է ընդունվել ոստիկանության վետերանների կողմից, պարբերաբար թարմացվում է:
2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրյակին, Երևանում տեղի ունեցած Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով՝ «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ ոստիկանության www.police.am կայքը՝ արժանանալով բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի:
Բարեփոխումների փուլում, երբ հատկապես կարևորվում է ոստիկանություն-հասարակություն կապերի ամրապնդումը, կայքի օպերատիվ աշխատանքը հասցված է առավելագույնի ու նաև կայքի շնորհիվ այդ կապերը դառնում են ամուր հանգույցներ. Դրան է ուղղված հետևողական աշխատանքը լրատվական դաշտում, ինչը վարչության գործունեությունը դարձնում է ավելի հասցեական և արդյունավետ:
Ապատեղեկատվությունը կանխելու առումով կարևոր նշանակություն ունի հասարակությանը ճշգրիտ լրատվություն հաղորդելը: Ըստ այդմ՝ ուսումնասիրելով, մշակելով ու համակարգելով ոստիկանության ամենօրյա ամփոփագրերում արձանագրված և բացահայտված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային և դժբախտ պատահարների վերաբերյալ հաղորդագրությունները, ՀԿԼ վարչություննը կարելիի սահմաններում տեղադրել է ոստիկանության ինտերնետային կայքում:
2012 թվականից ցայսօր police.am կայքում զետեղվել է շուրջ 30 000 տեղեկատվություն, որոնց գերակշիռ մասը նույնությամբ կամ սեփական մեկնաբանություններով տեղ է գտել հեռուստա և ռադիոընկերությունների լրատվական ծրագրերում, տպագիր մամուլի էջերում և էլեկտրոնային կայքերում:
Հանրության հետ այսպիսի համագործակցությունը նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու լավագույն միջոց է:
Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, շարունակում է հանրությանն առավել տեսանելի արտահայտչամիջոցներով՝ սոցիալական տեսահոլովակների տեսքով, ներկայացնել հասարակության իրավագիտակցության բարձրացմանը նպաստող թեմատիկ սյուժեներ, լուսաբանում է բնակչությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքը, մասնավորապես, պետական պահպանության գլխավոր վարչության, անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության գործունեությունը, ներկայացնում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնառություն անցնելու կարգը, պայմաններն ու առօրյան:
2012 թվականից մինչև այսօր պատրաստվել է շուրջ 117 սոցիալական տեսահոլովակ, որոնք զետեղվել են ոստիկանության կայքէջում:
ՀՀ ոստիկանության 5-ամյա եռալեզու պաշտոնական կայքէջը` իր նորարարական ծառայություններով, օրինակելի և ուսանելի է եղել գործընկերների համար, քանի որ չի զիջում, իսկ մի շարք դեպքերում նաև գերազանցում է որոշ արտասահմանյան իրավապահ կառույցների պաշտոնական կայքերին:
Հանգամանք, որը և´ ուրախալի է, և´ պարտավորեցնող: