Կանեփը ցանել և աճեցրել էր անձամբ
Ոստիկանության ՊՊԾ և Կումայրիի բաժնի ծառայողները հուլիսի 11-ին, ժամը 9.30-ին, Գյումրիի Ղանդիլյան և Կոմինտերնի փողոցների խաչմերուկից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Եղիշե Մ.-ին:
Անձնական խուզարկությամբ Եղիշե Մ.-ի մարզահագուստի վերնաշապիկի տակից հայտնաբերվել և վերցվել է 0.5 լ տարողությամբ ապակյա շիշ, որի մեջ առկա էր 0.5 լ անգույն, յուրահատուկ հոտով հեղուկ զանգված և 166 գ կանաչավուն, խոնավ, կանեփանման զանգված:
Եղիշե Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն հանդիսանում է քիմիական լուծիչ և կանեփ տեսակի թմրամիջոց, որը քաղել է հորաքրոջ տան բակից: Հայտնել է նաև, որ կանեփը ցանել և աճեցրել է անձամբ՝ հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: