Կաշառք ստանալու պահին
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ բանկերից մեկում ամուսնու հաշվի համարի վրա եղած 120 հազար դրամի կալանքը հանելու համար ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակից Գևորգ Հարությունյանն իրենից որպես կաշառք պահանջում է այդ գումարի կեսը` 60 հազար դրամ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մալաթիայի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 3-ին Երևանի Մանանդյան փողոցի բակերից մեկում, իր անձնական «Մերսեդես Е320» մակնիշի ավտոմեքենայի սրահում, քաղաքացուհուց 60 հազար դրամ կաշառք ստանալու փաստով մերկացրել են ԴԱՀԿ ծառայության աշխատակից, հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանին:
Նշված ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել ու արձանագրվել է կաշառքի առարկա 60 հազար դրամը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ` քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: