Կեղծ թղթադրամ իրացնողներից մեկը հայտնաբերվել է, մյուսը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:
Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ մեկ այլ հաղորդում էր ստացվել: Քաղաքացին հայտնել էր, որ Սևանի փողոցում անհայտ անձը իրեն կեղծ 5000-դրամանոց է տվել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ քաղաքացուն կեղծ թղթադրամը տվել էր 26-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և խոստովանել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: