Կողոպուտ ոսկու խանութում․ Արթիկի ոստիկանների բացահայտումը
Հունվարի 29-ին Արթիկ քաղաքի ոսկու խանութում կողոպուտ էր եղել: Ժամը 16.30-ի սահմաններում մի տղամարդ մտել էր Բաղրամյան փողոցի ոսկու խանութը, գնելու պատրվակով վաճառողուհուց վերցրել հավանած ոսկյա խաչն ու շղթան և, բացահայտ հափշտակելով ոսկեղենը, դիմել էր փախուստի։
Կատարվածի վերաբերյալ դեպքից ժամեր անց ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում ստացվեց: Քրեական հետախույզները մեկնեցին Բաղրամյան փողոց:
Իրավապահները զրուցեցին վաճառողուհու հետ։ Հանցամիտը, մորից գումար վերցնելու պատրվակով, զարդերը ձեռքին դուրս էր եկել խանութից ու փախել։ Ամեն ինչ այնքան արագ ու անսպասելի էր կատարվել, որ փախուստը կանխել չէր հաջողվել: Վնասի չափը 620 000 դրամի էր։
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին: Ոստիկանների աչալուրջ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ դեպքից երկու օր անց կողոպուտը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նախկինում ավազակության համար դատապարտված, Շիրակի մարզի Նահապետավան գյուղի 34-ամյա մի բնակիչ։
Հունվարի 31-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Զարդերը 505 000 դրամով վաճառել էր մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: