Վալերիյ Օսիպյանի դեկտեմբերի 3-ին Կոտայք կատարած աշխատանքային այցի մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վալերիյ Օսիպյանի դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։ Ոստիկանության պետը Ծաղկաձորում հանդիպեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին։ Վալերիյ Օսիպյանը նրանց տեղեկացրեց, որ ոստիկանությունը մայրաքաղաքում և բոլոր մարզերում, այդ թվում՝ Կոտայքում, իրականացրել ու իրականացնում է համապատասխան միջոցառումներ ընտրությունների հետ կապված ապօրինի գործողությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Ցանկացած տեղեկություն մանրակրկիտ ուսումնասիրվելու և ստուգվելու է, իսկ հաստատվելու դեպքում ոստիկանությունը գործնական քայլեր կձեռնարկի ապօրինությունները կանխելու նպատակով։ «Մենք հետևողականորեն և անկաշկանդ արձագանքելու ենք ցանկացած ահազանգի»,- ընդգծեց ոստիկանության պետը՝ ներկաներին հորդորելով ակտիվ համագործակցել ոստիկանների հետ։ Վալերիյ Օսիպյանը մանրակրկիտ անդրադաձավ ընտրությունների հետ կապված արգելված գործողություններին ու դրանց կանխարգելման ուղղությամբ համակարգի ձեռնարկած գործնական քայլերին։
Կոտայք կատարած աշխատանքային այցը եզրափակվեց մարզի ոստիկանների հետ հանդիպումով։ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց այն հանցատեսակները, որոնց կանխման ու բացահայտման ուղղությամբ պետք է ակտիվացվի աշխատանքը։ Առանձնահատուկ քննարկվեց նախընտրական շրջանում և ընտրությունների օրը Կոտայքի ոստիկանների անելիքները։ Վալերիյ Օսիպյանը, հաշվի առնելով մարզային ոստիկանության կարողությունները, հույս հայտնեց, որ Կոտայքում ևս ընտրությունները կլինեն ազատ ու թափանցիկ։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային հանդիպումն ավարտեց Կոտայքի ոստիկաններին ուղղված պահանջով՝ «Գործել համարձակ ու չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ էլ դիրքից՝ բացառելով խտրական վերաբերմունքը...»։