Կրակոցներ Գորիսում
Հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան,  Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք  Բուդաղյանը  ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ  Բուդաղյանը  և 1975 թ. ծնված Նիկոլայ  Աբրահամյանը  հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը և  Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը: 
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք  հարցաքննվում են:
Կան  ձերբակալվածներ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					