Կրակոցներ Գյումրիում. կա ձերբակալված անձ
Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում նախկինում դատված 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով Գյումրիի Հալաբյան փողոցում որսորդական հրացանից կրակել է 42-ամյա համաքաղաքացու «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վրա և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա, որսորդական կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի հրացանով հանդերձ, հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հրազենն առգրավվել է, տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդ Բաղ 4-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում հայտնաբերվել է նաև «Նիսան Մարչ» ավտոմեքենան՝ կրակոցներից վնասվածքների հետքերով: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող տարածք: Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: