Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. 2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ
2017թ. ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվել են ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ծրագրերով, այլ հայեցակարգային փաստաթղթերով, աշխատանքային պլաններով, ինչպես նաև դրանցից դուրս, սակայն ժամանակի պահանջ դարձած միջոցառումներ:
1. ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում
- Մշակվել է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ և արդեն 07.02.2018թ. ընդունվել ԱԺ-ի կողմից: Օրենքով ամրագրվել է իրավախախտումների բացահայտման ընթացքում քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից ու կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու` ոստիկանության լիազորությունը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս, անձանց գույքը պահպանելիս, իրավախախտումները կանխելիս, խափանելիս, իրավախախտման դեպքը, իրավախախտում կատարած անձանց, իրավախախտման գործիքներն ու առարկաները հայտնաբերելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ` միաժամանակ սահմանվել է պարտադիր նախազգուշացման եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները, ինչպես նաև նախատեսվել է տեսանյութերը կամ լուսանկարները, իրավախախտումների քննությունից բացի, այլ նպատակներով օգտագործելու արգելք:
- ՀՀ կառավարության կողմից 23.11.2017թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1495-Ն որոշումը, որով կանոնակարգվում են ոստիկանության կողմից հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և ընթացք տալու հետ կապված հարաբերությունները, իրավական հիմքեր են ստեղծվում 2020 թվականից հաղորդումներն էլեկտրոնային տարբերակով գրառելու համար, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու նաև էլեկտրոնային եղանակով, նախատեսվում են նաև քաղաքացիների իրավական իրազեկմանը նպաստող մեխանիզմներ:
2. ՀՀ կառավարության գերակա խնդիրների շրջանակներում
- Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնման նպատակով 2017 թվականին շահագործման է հանձնվել համայնքային ոստիկանության 3 հենակետ Երևան քաղաքի Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
- Տավուշի մարզում հաշվառման քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են:
3. Օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ
2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։
Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 1520 դեպքով (2016թ.` 18.764, 2017թ` 20.284), ինչը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով, ինչը հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:
Միևնույն ժամանակ, 34-ով կամ 17,2%-ով նվազել է առանձնապես ծանր (198-164) և 352-ով կամ 11,4%-ով ծանր հանցագործությունների (3.081-2.729) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազման հետ:
Առանձին ուղղություններով, հիմնականում նվազել են սպանության (66-49), սպանության փորձի (36-23), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1.149-1.113), այդ թվում` ծանր (200-194), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (118-102), այդ թվում, ավազակության (53-46), կողոպուտի (255-183), բնակարանային գողության (1250-889) և տրանսպորտային միջոց փախցնելու (49-44) դեպքերը:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (65-52), աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը՝ 129-ով կամ 17,7%-ով (729-858):
Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 673 (596) միավոր հրազեն և 40 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, 89.314 (87.628) հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և տարբեր քանակության այլ զինամթերք ու սառը զենք:
Անդրադառնալով բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքներին, պետք է նշել, որ հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 5,3%-ով (76,8%-ից 82,1%), ծանր հանցագործություններով՝ 5,8%-ով (54,2%-ից 60,0%):
Ըստ առանձին հանցատեսակների, 2016թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (94,1%-ից 95,8%), այդ թվում` ծանր (80,5%-ից 86,1%), խուլիգանության (86,2%-ից 89,6%), ավազակության (56,6%-ից 69,6%), կողոպուտի (53,7%-ից 71,0%), գողության (53,4%-ից 63,5%), այդ թվում` բնակարանային (33,0%-ից 34,0%), խարդախության (82,5%-ից 89,0%), յուրացման կամ վատնման (95,2%-ից 98,3%) և տրանսպորտային միջոց փախցնելու (87,8%-ից 93,2%) դեպքերով:
Նկատելիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 119-ով (857-976): Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ 57-ով կամ 53,8%-ով աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (106-163):
Հաշվետու տարում 175-ով կամ 18,2%-ով աճել է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (963-1138), իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4%-ով (81,0%-ից 81,4%): Դրան զուգընթաց, հայտնաբերվել են 85-ով կամ 16,1%-ով ավել թմրամիջոցների իրացման դեպքեր (527-612), իսկ դրանց բացահայտումն աճել է 0,6%-ով (65,7%-ից 66,3%):
Գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 5 դեպք:
2017թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ինչը 48,1%-ով ավել է նախորդ տարվա համեմատ (2016թ.՝ 428): Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 163-ը (71) կաշառակերության դեպքեր են, որոնցից 62-ը (62) հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:
Բարձրացել է հետաքննական աշխատանքների արդյունավետությունը. նախապատրաստվել է 166.250 (2016թ. 143.716) նյութ, հարուցվել է 7.155 (2016թ. 1.825) քրեական գործ, 21.023 (2016թ. 15.613) նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը:
Ոստիկանության ուժերով պատշաճ հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն է ապահովվել մի շարք զանգվածային միջոցառումների ընթացքում, մասնավորապես՝ ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:
4. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում
Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրից իրականացվել են հետևյալ միջոցառումները՝
Կազմակերպական ոլորտում.
- Մշակվել և ներդրվել է անձի հանրային ծառայության համարանիշի հիման վրա աշխատող Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների կամավոր (այլընտրանքային) ծանուցման բջջային հավելվածը (և iOS, և Android օպերացիոն համակարգերի համար), ինչպես նաև ստեղծվել է հնարավորություն www.police.am կայքում գրանցվելու և Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական տույժ նշանակելու որոշումների մասին ծանուցումները նաև բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով ստանալու համար:
- Մշակվել և ներդրվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն էլեկտրոնային եղանակով փոստի տեղական բաժանմունքներ առաքելու մեխանիզմների համակարգ: Համակարգը հնարավորություն է տալիս ՀՀ-ում գործող բոլոր փոստային բաժանմունքներում, ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, տեղեկանալ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների համար կայացված որոշումների վերաբերյալ:
Նշված լուծումներով ստեղծվել է եռակի ծանուցման համակարգ:
- Ընդլայնվել են «Թեժ գիծ» ծառայության հնարավորությունները, 1-77 հեռախոսահամարը գրառվել է Ճանապարհային ոստիկանության բոլոր պարեկային տրանսպորտային միջոցների վրա:
- Պիլոտային կարգով ներդրվել է ճանապարհապարեկային 10 ավտոմեքենաներում էլեկտրոնային եղանակով վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համակարգ, որը թույլ է տալիս կրճատել արձանագրություն կազմելու ժամանակը, վարորդին տեղում տրամադրվում է արձանագրության օրինակը և տուգանքի վճարման կտրոնը, որի հիման վրա վարորդի ցանկությամբ տեղում իրականացվում է վճարում:
- Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի տարածքը սպասարկող առաջին սպայական գումարտակի կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որն իրականացնում է հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործառույթ:
- 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և տեսահսկման համակարգերի միջոցով արձանագրված իրավախախտումների գործերով արդեն իսկ կայացվում են որոշումներ, որոնց ծանուցումը իրականացվում է ՀՀ սահմանային անցակետերում՝ սահմանահատման ժամանակ: Այդ նպատակով ստեղծվել են համապատասխան տեխնիկական հնարավորություններ, սահմանային ծառայության կողմից ՃՈ-ին է տրամադրվում համապատասխան տվյալներ ՀՀ ներմուծված տրասպորտային միջոցների և պատասխանատուների վերաբերյալ: Ներկայումս գործում է Բագրատաշենի սահմանային անցակետի ՃՈ խումբը, միևնույն ժամանակ, ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որը ծառայություն կիրականացնի ՀՀ սահմանային բոլոր անցակետերում՝ բացառությամբ օդանավակայանի և երկաթգծի սահմանային կետերի:
Վարչաիրավական ոլորտում.
- Ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան օրենքը, որով վերացվել է տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով նրա նկատմամբ 25 կամ 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը:
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագիծը մտել է ՀՀ Ազգային ժողովի մեծ օրակարգ, որով նախատեսվում է վերացնել նյութական վնասով ՃՏՊ-ների համար սահմանված վարչական պատասխանատվությունը:
- Ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով բարձրացել է նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:
- «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, որով նախատեսվում է մոպեդների պետական գրանցման ինստիտուտի ներդրում:
Օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են եղել վարչարարության պարզեցմանը, քաղաքացիների նկատմամբ կիրառվող ավելորդ վարչական տույժերի վերացմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման և կարգավորման ոլորտում.
- Ստեղծվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերով հետևելու հնարավորություն:
- Ներդրվել է ՃՏՊ-ի մասնակից՝ վնասված տրանսպորտային միջոցները պատահարի վայրից տարհանելու միասնական համակարգ, տարհանման ծառայությունը գնելու եղանակով:
- Երևան քաղաքում տեղադրված լրացուցիչ սեկցիա ունեցող լուսացույցների եզրերը նշվել են մշտապես վառված վիճակում գտնվող լույսերով:
- Մայրաքաղաքի խաչմերուկներում վերանայվել է երթևեկության կազմակերպման կարգը, որպեսզի խաչմերուկ մուտք գործող երթևեկության գոտիների քանակը չգերազանցի դուրս եկող գոտիների քանակին:
- Մայրաքաղաքի երթևեկությունը կազմակերպվել է այնպես, որ ձախ շրջադարձը և հետադարձը կատարվի միջանկյալ գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
- Մայրաքաղաքի շրջանաձև երթևեկությամբ բոլոր խաչմերուկներում երթևեկությունը կազմակերպվել է այնպես, որ նման խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցների վարորդներն ունենան երթևեկության առավելություն խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ:
- Մայրաքաղաքի ցածր ինտենսիվությամբ երթևեկություն ունեցող խաչմերուկներում լուսացույցների փոխարեն բոլոր կողմերից տեղադրվել են «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ, ինչը հնարավորություն է տալիս հատող ճանապարհներով այլ տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում առանց լուսացուցային կարգավորման հատել խաչմերուկը:
- Երևան քաղաքի խաչմերուկների լրացուցիչ սեկցիա ունեցող թվով 25 լուսացույցներ փոխարինվել են Տ.2 տիպի՝ երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքներով լուսացույցներով:
- Երևան քաղաքի խաչմերուկներում միևնույն ուղղության 3 և ավելի գոտի ունեցող ճանապարհներին տեղադրված 147 լուսացույցներ տեղափոխվել կամ՝ ուղղակի տեղադրվել են երթևեկելի մասի վերևում:
- Մայրաքաղաքի ճանապարհների վրա առկա 10 չկարգավորվող հետիոտնային անցում ապամոնտաժվել է, իսկ 16 չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում երթևեկելի մասը բարձրացվել է 10 սմ-ով՝ կահավորվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Նշված փոփոխությունները հնարավորություն են տալիս վերահսկել վթարայնության վիճակը, էականորեն նվազեցնել, իսկ որոշ դեպքերում՝ բացառել նախկինում առաջացող խցանումներն ու կուտակումները, ինչպես նաև ապահովել հետիոտների անվտանգությունը:
5. ՀՀ ոստիկանության իրավաստեղծ աշխատանքների ոլորտում
Իրավաստեղծ ոլորտում ՀՀ ոստիկանության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից ընդունվել է 7 օրենք և 51 կառավարության որոշում: Օրինագծերի մի մասն էլ գտնվում է ՀՀ Ազգային ժողովում:
Իրավաստեղծ աշխատանքների արդյունքում՝ ոստիկանության գործունեությունը կարգավորող հիմնարար իրավական ակտերը համապատասխանեցվում են Սահմանադրական փոփոխություններին:
- Ստեղծվել են պատշաճ իրավական հիմքեր Ոստիկանությունում ԴՆԹ նմուշների համապետական քրեագիտական հաշվառում իրականացնելու համար, որով փաստորեն մատնադրոշմային նույնականացման համակարգն աստիճանաբար իր տեղը կզիջի նոր, ժամանակակից համակարգին:
- Թմրամիջոցների չափերը կսահմանվեն ոչ թե օրենքով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ, որի շնորհիվ ոստիկանությունն ավելի արագ կարձագանքի նոր տեսակի <> և այլ <> թմրամիջոցների հանցավոր շրջանառությանը: Թմրամիջոցների չափերը սահմանելիս, հաշվի առնելով միջազգային փորձը, հիմք կընդունվի չափահաս, առողջ մարդու օրգանիզմի վրա դրանց հոգեներգործության աստիճանը, ինչը լիովին բխում է իրավական որոշակիության սահմանադրական պահանջի ապահովման անհրաժեշտությունից:
6. ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում
- Նախատեսվում է ՀՀ կառավարություն ներկայացնել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի կիրարկման, ինչպես նաև ոստիկանության կողմից օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա անձանց և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտի մշակման համար օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահելու անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունմամբ ՀՀ կառավարությանը հստակ լիազորություն կվերապահվի սահմանելու Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները:
7. ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիրների շրջանակներում
- Ոստիկանություն-հասարակություն կապի սերտացման և առավել արդյունավետ փոխհամագործակցության նպատակով 2018 թվականին որպես ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք գերակա խնդիր է նախատեսվել համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը Երևան քաղաքում: Նախատեսվում է կառուցել ևս 1 նոր հենակետ Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
- ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար նախատեսվում է 2018 թվականի ընթացքում ապահովել Տավուշի մարզում հաշվառման-քննական ստորաբաժանման վարչական շենքի և քննական ավտոդրոմի շահագործման համար անհրաժեշտ նախագծահաշվարկային աշխատանքները, իրականացնել անհրաժեշտ շինարարական աշխատանքների նախնական փուլը:
- Դեռևս 2012 թվականից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում գործում է օպերատիվ կառավարման կենտրոնը, որը տեղեկատվությունը տրամադրում է նաև ԱԻՆ 911 ճգնաժամային կառավարման կենտրոնին: ՀՀ ոստիկանության կանխարգելիչ գործունեության արդյունավետությունն առավել բարձրացելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ մարզերում՝ մասնավորապես 2018 թվականի ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ևս ստեղծել թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ շահագործվող օպերատիվ կառավարման կենտրոններ: Նման կենտրոնները թույլ են տալու իրավախախտումների և հանրորեն վտանգավոր դեպքերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կուտակել մեկ համակարգում, ապահովել դրանց օպերատիվ արձագանքումը, ճիշտ և արդյունավետ կառավարել ոստիկանական ուժերը և միջոցները: Այս միջոցառումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ` Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում: